Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ԱԺ աշխատակազմին` պարզաբանել ԱԺ բուֆետի գնային քաղաքականության հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած դժգոհությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Խորհրդարանի բուֆետում սպասարկող «Արտ-լանչ» կազմակերպության տնօրենը պարզաբանել է, որ այն կազմակերպությունները, որոնց հետ իրենք աշխատում են` Կենտրոնական բանկ, «Վիվասել», HSBC բանկ, «Պեպսի կոլա»,«Սինոփսիս», ԵՊՀ եւ այլն, երբեւէ դժգոհություններ չեն ներկայացրել գնային քաղաքականության հետ կապված, բայց այժմ, երբ կան բողոքներ, կվերանայեն գնային քաղաքականությունը:

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրել էր, թե ԱԺ քառօրյայի վերջին օրը վերաբացվել է տեւական ժամանակ վերանորոգման մեջ գտնվող բուֆետը։ «Գեղեցիկ ու նորովի կահավորված բուֆետում այսուհետ այցելուները կսպասարկվեն «Արտ-Լանչ» մոդայիկ անվանումով կազմակերպության կողմից։ Ի դեպ, սննդի գներն ուղիղ համեմատական են բուֆետի շքեղ տեսքին։ Խորհրդարանի նախորդ բուֆետից բան չի մնացել։ Ընդ որում՝ բուֆետի այցելուներին խաբում են գնի եւ չափաբաժնի մեջ։ Եթե այցելուն ցանկանում է կես բաժին վերցնել որեւէ ուտեստից, ապա դա ավելի թանկ է նստում նրա վրա, քան եթե նա պահանջեր մեկ բաժին։ Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար «Արտ-Լանչ»-ի կողմից հրամցվող կերակրատեսակներից բերենք մի քանի օրինակ։ Եթե բրնձով փլավի մեկ բաժինն արժե 300 դրամ, ապա դրա կեսի համար պարտավոր ես վճարել 250 դրամ, հաճարով սնկով փլավի մեկ բաժինը 500 դրամ է, կեսը՝ 350 եւ այլն։ Մեզ չհաջողվեց պարզել, թե ում է պատկանում «Արտ-Լանչ» կազմակերպությունը, բայց մի բան հաստատ է՝ պատահական մարդուն հնարավորություն չէր տրվի գործունեություն ծավալել խորհրդարանում՝ նման գնային քաղաքականության պայմաններում»,- գրել էր «Չորրորդ ինքնիշխանությունը»: