Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը նորից տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակը` Նաիրա  Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը չի վատացել, որեւէ բարդացում չկա: «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո նախկին պատգամավորը մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության ներքո, նրանք գալիս-գնում էին: Այժմ նա նպատակահարմար է գտել տեղափոխվել հիվանդանոց եւ անընդհատ գտնվել բժիշկների հսկողության ներքո:

Մամուլի խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոցից դուրս կգրվի առաջիկա օրերին, նա չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):