Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկնաբանել է Գյումրիում ապրիլի 23-ի աղմկոտ սպանությունից հետո, դեպքի վայրում փաստաբան Թամար Յայլոյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի կրակոցներից հետո Յայլոյանը փորձել էր դեպքի վայրում մասնագիտական գործունեություն ծավալել, ինչն, ըստ իրեն, խոչընդոտել էին ոստիկաններն ու իրեն սպառնացել: Անգամ այս կապակցությամբ մի խումբ փաստաբաներ մամուլի ասուլիս էին հրավիրել:

Դեպքի վերաբերյալ NEWS.am-ին բացառիկ մեկնաբանություն է տվել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետըն ասել է, որ փաստաբան Թամարա Յայլոյանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ հրապարակման հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, բացի այդ, Գասպարյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն, որի արդյունքներով կպարզվեն բոլոր հանգամանքները ու համապատասխան հետեւություններ կարվեն:

«Եթե մեղավորներ լինեն, ապա, հավաստիացնում եմ, անպայման եւ ամենայն խստությամբ կպատժվեն, բայց ինձ այս պահին ավելի շատ մտահոգում է երեւույթը:

Մեկուկես տարի առաջ Փաստաբանների պալատի եւ ոստիկանության համատեղ հուշագիրն ընդունելուց հետո սա, եթե չեմ սխալվում, առաջին դեպքն է, երբ բարձրաձայնվում է փաստաբանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին: Եվ դա, գոնե ինձ համար, ահազանգի պես է հնչում. գուցե ոմանք դեռ չեն հասկացել, որ ոստիկանն ու փաստաբանը ոչ թե մրցակիցներ, այլ զինակիցներ են արդարության համար պայքարում»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը` ընդգծելով. «Այս թյուրըմբռնման համար ներողություն եմ խնդրում մեր գործընկերներից եւ կրկին հավաստիացնում, որ ոստիկանությունը հետեւողական է փաստաբանական կորպուսի հետ ամենասերտ համագործակցության հարցում, քանի որ խորին համոզմունք ունեմ՝ միայն այդպես կարող ենք հասնել մեր միասնական խնդիրների ու նպատակների իրականացմանը»: