Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար 27-ամյա Մերուժան Հարությունյանը ծեծել է ծառայակցին, քանի որ վերջինս իրեն տեսնելով չի թաքցրել հեռախոսը: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Մերուժան Հարությունյանը, զբաղեցնելով ՊՆ թիվ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատարի պաշտոնը, կոչումով ավագ լեյտենանտ, այսինքն, հանդիսանալով նշված դասակի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Պետրոսյանի ուղղակի պետը, 2013թ. մարտի 15-ին, տեսնել է, որ Ս. Պետրոսյանը սահմանված արգելքին հակառակ բջջային հեռախոսով խոսում է: Նա դիտողություն է արել Սենիկին եւ հարցրել, թե ինչու վերջինս իրեն տեսնելուց հետո չի թաքցրել հեռախոսը:
Ս. Պետրոսյանը պատասխանել է, որ նրան չի նկատել, որից հետո Մ. Հարությունյանն անպարկեշտ ձեւով ստորացրել է իր ստորադրյալի պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես մահճակալի վրայից վերցրել է բջջային հեռախոսը ու հարվածել է գետնին, իսկ երբ Ս. Պետրոսյանը փորձել է մոտենալ եւ գետնից վերցնել այն, բռունցքով նաեւ հարվածել է նրա դեմքին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























