Այսօրվա Երեւանը նման է եվրոպական քաղաքի։ Սա արդեն այն փոքրիկ քաղաքը չէ, ինչպիսին էր առաջ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի դուդուկահար ջիվան Գասպարյանը՝ Երեւանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։
Երաժիշտը քվեարկել է 10/21 ընտրատեղամասում՝ այնտեղ, որտեղ նրանից անմիջապես հետո քվեարկությանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կցանկանար փոխել այսօրվա Երեւանում, Գասպարյանն ընդգծել է, որ կցանկանար ավելի շատ ցայտաղբյուրներ տեսնել Աբովյան փողոցում։ Նա կցանկանար նաեւ, որ փողոցներն ավելի մաքուր լինեին եւ կարգավորվեր աղբահանությունը։
Սակայն Գասպարյանին ավելի շատ հուզում է երեւանցու վարքը։ «Բոլորը շատ են շտապում եվրոպացի դառնալ։ Եվրոպան լավ է, սակայն ամեն ինչ իր տեղում պետք է լինի։ Պետք չէ ամեն ինչ անընդհատ համեմատության մեջ դնել»,-ընդգծել է նա, հավելելով, որ ինքն անձամբ լավատեսորեն է տրամադրված։
«Ես գիտեմ, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու»,-եզրափակել է նա։




























