«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը կրկին ընտրատեղամասում միջադեպի պատճառ է դարձել։ Միջադեպը տեղի է ունեցել 9/11 ընտրատեղամասում։
Լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես է Բագրատյանը, ով, ի դեպ, ԲՀԿ ընտրացուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, մոտեցել հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանին։ Բառերը չեն լսվել, սակայն հանձնաժողովի քարտուղարի արձագանքը բավականին բուռն է եղել։ Նալբանդյանի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ ստեղծվել է հետեւյալ իրավիճակը. առավոտից ԲՀԿ վստահված անձը նստած հետեւել է քվեարկության ընթացքին։ «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձը խնդրել է փոխվել տեղերով, որպեսզի ինքը եւս կարողանա մոտիկից հետեւել գործընթացին։ Դա դուր չի եկել ԲՀԿ ներկայացուցչին, ով «օգնություն»է խնդրել հենց այդ պահին ընտրատեղամասում գտնվող Սերգեյ Բագրատյանից։ Վերջինս բավականին կտրուկ տոնով միջամտել է եւ պահանջել ԲՀԿ ներկայացուցչին վերադարձնել իր տեղը։ Ի պատասխան Կ. Նալբանդյանը, պարզելով, որ Բագրատյանը գրանցված չէ որպես դիտորդ կամ վստահված անձ, համապատասխան տոնով խնդրել է նրան լքել ընտրատեղամասը։ Բագրատյանը ենթարկվել է այդ պահանջին եւ հեռացել։
Նշենք, որ սա Վայոց ձորի նախկին մարզպետի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ։ Նախորդ դեպքը գրանցվել է նախորդ աշնանը՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Որոշ ժամանակ մոռացության մատնված միջադեպը լրատվամիջոցները հիշատակել են Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին, իսկ Բագրատյանը օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ստիպված էր արդարանալ նախորդ միջադեպի համար։




























