Մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, որը «Երեւանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ եւ 10 շրջիկ մեքենաներով՝ Երեւանի ողջ տարածքով:
« Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ եւ՛ ընտրատեղամասերից դուրս, եւ՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.
• ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի եւ առանձին անհատների ներկայությունը։
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին եւ քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։
Ընտրությունների ընթացքի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդների կողմից արձանագրված խախտումների եւ 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի մասին անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարող եք ստանալ Մարդու իրավունքները Հայաստանում կայքից հետեւյալ հղումով:




























