Պատկերացնում եք՝ ինչ տխուր կլիներ, եթե Հայաստանում մականունավորներ չլինեին եւ բոլորին անուն ազգանուններով դիմեին, իսկ այսպես կենդանակերպեր եւ այլ երեւույթներ կան, ինչը հրաշալի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Վլ. Գասպարյանի հետ մեր հարցազրույցը:

Պարոն Գասպարյան կրիմինալի դեմ պայքարն սկսեցիք Գյումրիից,  ո՞րն է հաջորդ կայարանը:

Նախ ասեմ, որ մենք Գյումրիից ոչինչ չենք սկսել, պարզապես եղավ դեպք, որը պետք էր կասեցնել: Բնականաբար դրանից հետո պետք էր որոշակի կանխարգելիչ միջոցառումներ անել, որպեսզի  շարունակություն չունենա: Ոչ Գյումրին, ոչ մյուս քաղաքները ոստիկանությունը չի կարող կարգավորել, եթե հասարակությունն ինքը չօգնի ոստիկանությանը:  Մենք բոլորս էլ պետք է վերափոխվենք, եթե ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել: Նման դեպքերում Գյումրին զինաթափել-չզինաթափելու մասին խոսակցություններն անլուրջ են:

Այսինքն` մինչեւ  կոնկրետ դեպքեր չլինեն, կրիմինալի դեմ պայքար չի՞ իրականացվի:

Այսինքն` մենք ունենք պլանային, արտապլանային, չկանխատեսված եւ օպերատիվ անհրաժեշտությունից իրականացվող միջոցառումներ: Դրանցից երեքն անընդհատ են տեղի ունենում, իսկ օպերատիվ անհրաժեշտությունից ելնող միջոցառումները կոնկրետ էպիզոդիկ դեպքերում են իրականացվում: Սա մեթոդոլոգիա է, որի մասին պետք չի ձեզ իմանալ:

Իսկ կարելի՞ է ասել, որ քրեական հեղինակություններն իրավապահների ուշադրության կենտրոնում են: Ավելին` այս առումով թիրախային խմբում են:

Դա ոստիկանի պարտականությունն է, որ հանցագործ էլեմենտները, կրիմինալ տարրերը եւ այդ երեւույթները  լինեն օպերատիվ տեսադաշտում: Դա անընդհատ գործընթաց է, որի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Միշտ եղել են, ուղղակի լինում են ժամանակահատվածներ, երբ նրանք մեր ուշադրությունն են գրավում եւ լինում են ժամանակներ, երբ նրանք հեզ ու խոնարհ են:

Իսկ ներկա պահին հեզ ու խոնա՞րհ են, թե՞ ոչ:

Ես ակնկալում եմ, որ այդպես է:

Պարոն Գասպարյան, նույնիսկ ասում են գողականները վախից սկսել են Հայաստանից արտագաղթել:

Հլը չէ: Արտագաղթին հերթը չի հասել: Նրանք  մի քիչ կդիմանան: Ես կարծում եմ, որ կուղղվեն, ես լավատես եմ:

Ասում են նաեւ, թե Հայաստանում օրենքով գողեր չկան: Իրականում կա՞ն, թե՝ ոչ:

Իհարկե, կան օրենքով գողեր եւ 24 ժամ վերահսկվում են: Նրանք օպերատիվ դաշտում են:

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից եւ «Եզդի Ջնդի» թիկնազորի զինաթափումից հետո գործընթացը կարծես թե կանգ է առել:

Ես եւս կարծում եմ, որ զինաթափման գործընթացը կանգ է առել, որովհետեւ թիկնազորով էլ ման չեն գալիս: Դա այն գործընթացն է, որ մեկ-երկուսը տեսան, թե ինչ է կատարվում եւ երրորդն ու չորրորդը էլ չեն ցանկանում մասնակիցը դառնալ այդ միջոցառումների: Ես կարծում եմ, որ դա շատ տհաճ միջոցառում է եւ նրանք խելամիտ գտնվեցին այս առումով:

Այսինքն` այս ուղղությա՞մբ էլ նրանց խելոքացրեցիք:

Իհարկե:

Մնացին մականունավորները: Հնարավո՞ր է, որ մականունավորների դեմ էլ պայքար սկսեք եւ նրանք ստիպված լինեն հրաժարվել իրենց մականուններից:

Ես երեւանցի եմ եւ կարծում եմ, որ սա ֆոլկլորի մի մասն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տխուր կլիներ, եթե Հայաստանում մականունավորներ չլինեին եւ բոլորին անուն ազգանուններով դիմեին, իսկ այսպես կենդանակերպեր եւ այլ երեւույթներ կան, ինչը հրաշալի է:

Զրուցեց՝ Տաթեւ Մեսրոպյանը