Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցությունը չէր սպասում նման արդյունքների եւ, որ ինքը չի հայտնվի Երեւանի ավագանու կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկմանը, նա ասաց, որ դեռ պետք է քննարկեն այդ հարցը, որից հետո միայն կարող են պատասխանել:
Հարցին, թե ՕԵԿ-ը Երեւանում քանի՞ գրանցված կուսակցական ունի, Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին թիվ չի կարող ասել, բայց դա էլ քննարկելու հարց է: Հիշեցնենք, որ «Օրինաց երկիրն» ստացել է 15 հազար 733 ձայն կամ (3,73 տոկոս) եւ չի հաղթահարել անցողիկ 6 տոկոսի շեմը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 4:55-ի դրությամբ ավարտել է Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի նախնական արդյունքների հաշվարկը:
ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ն ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է` 97 հազար 189 ձայն (23,07 տոկոս): Երեւանի ավագանիում կլինի նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքը, որը ստացել է 35 հազար 732 քվե (8,48 տոկոս):
Այսպիսով, Երեւանի ավագանիում միայն երեք ուժ կլինի: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» ձախողվեցին ավագանու ընտրություններում:
«Հայ ազգային կոնգրես»- 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 15 հազար 999 (3,8 տոկոս)
«Օրինաց երկիր»- 15 հազար 733 (3,73 տոկոս)
«Առաքելություն»- 2 հազար 692 (0,64 տոկոս)
Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437 հազար 21 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:




























