«Անտարես» ՍՊԸ-ն 105 ավագ դպրոցների գրադարաններին 14 անուն գրքեր է մատակարարել՝ շուկայականից 1.5-2 անգամ բարձր գներով:

Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ: Ընդհանուր առմամբ՝ 2010-2012 թ. ավագ դպրոցներին «Բուկինիստ» եւ «Անտարես» ընկերությունները մատակարարել են մոտ 150 մլն դրամ (մոտ 400 հազ.  դոլար) արժողությամբ գրքեր:

Ըստ Վերահսկիչ պալատի՝ գրքերի գները պետք է ցածր լինեին շուկայական գներից, քանի որ յուրաքանչյուր գրքից ձեռք է բերվել ոչ թե մեկ, այլ 105 օրինակ, որոշ գրքեր նաեւ` 210 օրինակ: Բացի այդ՝ ձեռք բերված գրքերի ցանկը կազմվել է առանց ավագ դպրոցների հարցումների, այսինքն՝ չի հիմնավորվել այդ գրքերի կարիքը: