Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-ֆիննական փոխգործակցության զարգացմանը:
Նախարարը հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացման, խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Նշվել է առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Միխելսոնը նշել է, որ Ֆինլանդիան կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների։



























