Երեւանի ավագանու ընտրություններն անցել են խաղաղ եւ օրինական, տեխնիկապես լավ կազմակերպված կերպով: Այս մասին հայտարարել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը` մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտորդական առաքելության անդամները դիտել են քվեարկության ամբողջ ընթացքը` ընտրատեղամասերի բացվելուց մինչեւ քվեարկության ավարտն ու քվեաթերթիկների հաշվարկը: Կոնգրեսի պատվիրակությունը ավագանու ընտրություններին ներկա միակ միջազգային դիտորդական առաքելությունն էր: 12 երկրներից Կոնգրեսի ներկայացուցիչները ներկա էին մոտավորապես 100 ընտրատեղամասերում:

Պատվիրակության ղեկավարի խոսքով, քվեարկության գաղտնիությունը զգալիորեն պահպանվել է, ծրարների կիրառումը եւս դրական է համարվում, չնայած որ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացն ավելի տեւական եւ հոգնեցուցիչ է դարձրել: Նախորդ ընտրությունների համեմատ լավացել է կնիքների թանաքի որակը, վելի լավացել է ընտրատեղամասերում վերահսկման գործընթացը` կուտակումներ չեն առաջացել եւ ընտրատեղամասում միաժամանակ թույլատրվել է ներկա գտնվել 15 հոգուց ոչ ավելի: Կոնգրեսի ներկայացուցիչը դրական է արձագանքել Հայաստանի նոր ԸՕ-ին եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությանը, ապա, Դիքսոնի խոսքով, մի կողմից դա նպաստում է գործընթացի թափանցիկությանը, մյուս կողմից՝ անվստահություն է առաջացնում ընտրողների մոտ՝ կապված չափից ավելի վերահսկողության հետ։ «Բջջային հեռախոսների կիրառումը քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ եւս մեկ բացասական երեւույթ է: Անհրաժեշտ է սահմանափակել այդ ընթացքում բջջայիչնների կիրառումը»,-ընդգծել է Դիքսոնը:

Կոնգրեսի ներկայացուցչի կողմից որոշակի քննադատություն է առաջացրել նաեւ ընտրատեղամասերում լրատվամիջոցների եւ դիտորդների մեծ քանակությունը: «Բազմաթիվ դեպքերում վստահ չենք, թե քանի հոգի են եղել լրատվամիջոցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները: Մի շարք դեպքերում կասկածում ենք, որ նրանք ներկայացնում էին որոշ քաղաքական ուժերի շահերը»,-նկատել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Սթյուարթ Դիքսոնն անդրադարձել է նաեւ մոնիթորինգային պատվիրակության կողմից վեր հանված խախտումներին ու միջադեպերին: Դրանց թվում նա նշել է կրկնակի քվեարկությունների ու «կարուսելի» դեպքերը: «Մենք կհետեւենք այդ դեպքերի հետաքննությանը եւ կներառենք դրանք ամփոփիչ զեկույցում»,-ասել է Կոնգրեսի ներկայացուցիչն ու հավելել, որ ամփոփիչ զեկույցը կներկայացվի այս տարվա հոկտեմբերին: Դրանում մոնիթորինգային պատվիրակությունն իր կարծիքը կներկայացնի ընտրությունների բովանդակության վերաբերյալ:

Նախքան զեկույցի պատրաստումը Կոնգրեսի ներկայացուցիչները գրավոր հարցումներ կանեն (հանդիպումներ այլեւս չեն նախատեսվում) Հայաստանի քաղաքական ուժերին, կտեղեկանան նրանց կարծիքին, ինչը նույնպես կներառվի զեկույցում:

«Հույս ունեմ, որ շահագրգիռ կողմերն ուշադիր կկարդան զեկույցը եւ հետեւություններ կանեն: Դրանց մասին մենք կարող ենք իմանալ՝ դիտարկելով հաջորդ ընտրությունները»,-նշել է Սթյուարթ Դիքսոնը:

Կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ նախքան ընտրությունները հանձնաժողովի անդամները մի շարք հանդիպումներ են անցկացրել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ: Հանդիպումների ընթացքում եվրոպական կողմին մի շարք հարցերի շուրջ մտավախություններ էին հաղորդվել: Դրանց թվում Ստյուարտ Դիքսոնը նշել է ցուցակների անճշտությունները, մասնավորապես դրանցում երկրից բացակայող քաղաքացիների առկայությունը: Այդ առնչությամբ Դիքսոնը նշել է. «Մենք հավատում ենք, որ այդ հարցը Հայաստանի իշխանությունները պետք է լուծեն` չարաշահումներից խուսափելու համար»:  Այնուհետեւ նա նշել է պետծառայողների վրա գործադրվող ճնշումների մասին մտավախությունը, որպեսզի նրանք այս կամ այն կերպ քվեարկեն եւ համոզեն հարազատներին անհրաժեշտ կերպով քվեարկելու: Ընտրողներին կաշառելու վերաբերյալ հնչած մտավախությունների կապակցությամբ Ստյուարտ Դիքսոնն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է վերջ դնեն այդ իրավիճակին եւ ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն տիրի վախը եւ փողի ազդեցությունը: «Անկախ նրանից` համապատասխանում են նման հայտարարություններն իրականությանը, թե ոչ, դրանք խախտում են ընտրողների վստահությունը», - հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Պատասխանելով հարցին, թե հայտնի են արդյոք ընտրողներին զանգվածաբար ավտոբուսներով ընտրատեղամասեր հասցնելու դեպքեր, Կոնգրեսի ներկայացուցիչը, որը կամ լավ ծանոթ չէր հարցի նրբություններին, կամ էլ գերադասեց շրջանցել, նշեց, որ նման դեպքերը հազվադեպ չեն Եվրոպայում: «Իմ երկրում եւս ընտրողները կարող են օգտվել այլ կուսակցության տրամադրած փոխադրամիջոցից՝ խնայողության նկատառումներով»,- հայտարարել է Սթյուարթը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am