«Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին:
ՕԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:
Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երեւանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ եւ այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:
Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երեւանցիներին»:
Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոսը: Այսպիսով, Երեւանի ավագանիում միայն երեք ուժ կլինի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» ձախողվեցին ավագանու ընտրություններում:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրից հետո 7-րդ օրը, այսինքն մայիսի 12-ին:




























