Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հանցախմբի առաջնորդ, կոսովյան ալբանացի Նասեր Քելմենդիին, որին ԱՄՆ-ում կասկածում են Եվրոպայում հերոինի եւ կոկայինի առեւտրով զբաղվելու մեջ:  Ըստ տեղի ոստիկանության աղբյուրի` Քելմենդին ձերբակալվել է մայիսի 5-ի երեկոյան` Պրիշտինայում:

2012թ. հունիսին Սպիտակ տունը հայտարարել էր Նասեր Քելմենդիի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մասին` արտասահմանում թմրանյութերի շրջանառության վերահսկման օրենքի համաձայն  (Kingpin Act):

Քելմենդին ծնվել է Կոսովոյում, սակայն Բոսնիայի եւ Հերցեգովինայի քաղաքացի է: Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների`  նա Բալկանների ամենահզոր քրեական կլաններից մեկի առաջնորդն է: Իշխանությունները նրան վաղուց  են կասկածում Բալկանների միջոցով Եվրոպա կոկային, հերոյին եւ քացախի անհիդրիդ հասցնելու մեջ, գրում է lenta.ru-ն:

Միաժամանակ, Քելմենդիի կլանը, որում բացի իրենից ընդգրկված են նաեւ իր երեք որդիները եւ եղբայրը,  տարբեր բիզնեսներ ունի Բոսնիայում եւ Հերցոգովինայում, Չեռնոգորիայում, Սերբիայում եւ Կոսովոյում:    Նրանք գործարքներ են իրականացնում Բալկանների ազդեցիկ ձեռնարկատերերի հետ: Բացի դրանից, նրան կապեր են վերագրում Բոսնիայի պատերազմի ժամանակների խոշորագույն զորահրամանատարներ Նասեր Օրիչի եւ Նիհադ Բոյաջիչի, ինչպես նաեւ Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադինայի հետ: