Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ եւ լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում  Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար եւ կարեւորել, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: