Պակիստանի հյուսիս-արեւմուտքում «Ջամաաթ-է-ուլեմա-ի-իսլամ» իսլամանական քաղաքական կուսակցության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ահաբեկչության արդյունքում զոհվել է 14, վիրավորվել` ավելի քան 50 մարդ: Առայժմ որեւէ խմբակցություն իր վրա չի վերցրել միջադեպի համար պատասխանատվությունը:
Gazeta.ru` վկայակոչելով Reuters-ը, հաղորդում է 15 զոհերի եւ ավելի քան 40 վիրավորների մասին: Ռումբը պայթել է ամբիոնի մոտ, որտեղ պետք է ելույթ ունենային կուսակցության անդամները` «Թալիբանի» համակիրները:
Մայիսի 11-ին նշանակված համընդհանուր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում ավելացել են ողբերգական իրադարձությունները: Տեղի
ծայրահեղականները կայանալիք ընտրությունները համարում են «հակաիսլամական» եւ խոստացել են առավելագույն ջանքեր ներդնել դրանք խաթարելու համար: Ընտրապայքարի մեկնարկից ի վեր` Պակիստանում արդեն զոհվել է ավելի քան 70 մարդ:




























