Վարդաշենի Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան 18-ամյա Արման Հակոբյանն իր գրպանում գտնվող ծալովի դանակով հարվածել է կրթահամալիրի անչափահաս սաներից մեկին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Վարդաշեն 68 հասցեում գտնվող Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի առաջին հարկի միջանցքում կատակել է նույն կրթահամալիրի սան` անչափահաս Արմեն Պապոյանի հետ, որի ընթացքում գրպանից հանել է իր ծալովի դանակը եւ հարվածել է վերջինիս` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Մայիսի 7-ին նշանակվել է առաջին դատական քննության օրը:



























