Ռուսաստանը մեղմել է 2011 թվականին Կիպրոսին տրամադրված 2,5 միլիարդ դոլար վարկի մարման պայմանները: Այս մասին ասվել է մայիսի 6-ին հրապարակված փաստաթղթի մեջ, որը պատրաստվել է միջազգային վարկատուների եռյակի` Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ), Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից:

Ըստ փաստաթղթի` Ռուսաստանը երկարացրել մարման ժամկետը երկու տարով եւ տոկոսային դրույքը նվազեցրել է 4,5-ից 2,5%-ի:

Նաեւ հաղորդվել է, որ Կիպրոսը կատարել է միջազգային վարկատուների կողմից դրված բոլոր պայմանները` 3 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության  առաջին տրանշի տրամադրման համար: Պետության իշխանությունները գումարը կստանան այս ամիս, հայտնում է ՌԲԿ-ն:

Կիպրոսին տրվող ֆինանսավորումը գնահատվել է 23 մլրդ եվրո, որից 9 միլիարդը կտրամադրի Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM), 1 միլիարդը` ԱՄՀ-ն: Կիպրոսը պետք է 13 միլիարդ եվրո հայթայթի ինքնուրույն: