Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Ֆրանսիայի Հարավային շրջանի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ Պասկալ Շամասյանին եւ Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վարչության խորհրդի ատենապետ, բժիշկ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ, Մարսելի Մայր եկեղեցու վարչության նախագահ Ռոբերտ Ազիլազյանին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Հ. Հակոբյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Ֆրանսիայի հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայերը սիրում են Ֆրանսիան եւ լուրջ ներդրում ունեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանում այսօր հպարտ են Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ձեռք բերած հաջողություններով:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարեւորել է Մարսել քաղաքի անմիջական կապերը Հայաստանի Գորիսի եւ Էջմիածնի հետ, հատկապես՝ առողջապահության եւ սպորտի զարգացման ոլորտներում: Իսկ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցված սրտաբանական կենտրոնը կարող է առաջատար դառնալ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը նշել է, որ Ֆրանսիան հպարտ է իր հայազգի քաղաքացիներով, ովքեր անփոխարինելի ներդրում ունեն երկրի զարգացման բոլոր ոլորտներում:
Պարոն Մասսը կարեւորել է հատկապես հայկական կազմակերպությունների դերը Մարսելում: Նա առանձնացրել է նաեւ Էջմիածին քաղաքի հետ համագործակցությունը եւ այնտեղ մի շարք ծրագրերի իրականացման կարեւորությունը:
Պարոն Մասսը հավաստիացրել է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում` մինչեւ Ցեղասպանության 100-ամյակը, Ֆրանսիան եւ ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործեն:
Հաշվի առնելով Ռոբերտ Ազիլազյանի ներդրումը եւ մատուցած ծառայությունները հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման գործում, Հ. Հակոբյանը նրան պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հյուրերին նվիրել է նախարարության պատվերով հրատարակված «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» եւ «Անի» պատկերագրքերը, ինչպես նաեւ` «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» խորագրով ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում 1890-1914թթ. լույս տեսած Հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումների ժողովածուն:




























