Գերմանիայում ձերբակալել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի նախկին վերակացուին։ Այս մասին մայիսի 6-ին հաղորդել են Շտուտգարտի (Բադեն Վյուրտեմբերգի դաշնային տարածք) դատախազությունում։ Ձերբակալվածի անունը չի հաղորդվում, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը, ով արդեն 93 տարեկան է, Օսվենցիմում աշխատել է 1941 թվականից մինչեւ ճամբարի՝ 1945 թվականին Կարմիր բանակի կողմից ազատումը։ Տղամարդը մեղադրվում է սպանություններին աջակցելու մեջ, սակայն ոչինչ առայժմ չի կոնկրետացվում։ «Մենք կձգտենք պարզել, թե ինչ գործառույթներ է իրականացրել կասկածյալը, եւ թե ինչ ժամանակահատվածի են վերաբերվում դեպքերը», - հայտարարել են դատախազությունում։

Այնուամենայնիվ, դատախազությունում ելնում են այն բանից, որ անձամբ նա ոչ մեկի չի սպանել, «սակայն իր գործողություններով աջակցել է» անմիջական կատարողներին։ Հետաքննությունը նրա նկատմամբ սկսվել է 2012 թվականի նոյեմբերից։ Ձերբակալվածին քննած բժիշկը նշել է, որ տղամարդու առողջական վիճակը նրան թույլ է տալիս անմիջապես բանտում պահել։