Հյուսիսային Կորեան մեկնարկային հրապարակից հեռացրել է «Մուսուդան» հրթիռային երկու համալիրները,  հայտնել են ԱՄՆ-ի աղբյուրները: Անանուն պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ հրթիռները դուրս են բերվել մարտական պատրաստականության վիճակից:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում վտանգ կար, որ ԿԺԴՀ-ն հրթիռներ կարձակի: Հարավային Կորեայի իշխանությունները տվյալներ ունեին, որ հարեւանները պատրաստվում են ռազմական զորավարժություններ անցկացնել արեւմտյան ափին` Դեղին ծովի մոտ:  Հարավային Կորեայի կառավարության աղբյուրները պնդում էին, որ Փհենյանը մտադիր է ստուգել օդուժը եւ հրետանին: Բացի դրանից, հաղորդվում էր, որ Սեուլը հրթիռների փորձարկումների է սպասում ԿԺԴՀ-ի արեւելյան ափին, գրում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ  2013թ. փետրվարին Փհենյանը միջուկային զենքի փորձարկումներ էր իրականացրել, իսկ ավելի վաղ` արբանյակով հրթիռ էր արձակել: Հյուսիսային Կորեայի իշխանությունների այդ գործողություններն արժանացել էին ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ ՄԱԿ-ի կտրուկ բացասական արձագանքին, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ էին սահմանել: