Մայրաքաղաքի ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ն բավարարվեց կեսբերան քննադատությամբ։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Այդ կուսակցությունը ներկայացնող մեր աղբյուրները վստահեցնում են, որ ՀՅԴ-ի հետընտրական մեղմ տոնը ամենեւին էլ պատահականություն չէ։
Բանն այն է, որ ՀՅԴ-ական գործարար ու մասամբ էլ կիսաօլիգարխիկ թեւը, որն ի սկզբանե դեմ էր ընտրություններին սեփական ցուցակով առաջադրվել, հիմա բավականին կոշտ տոնայնությամբ է սկսել խոսել ի սկզբանե առաջադրվելու կողմնակից եւ համեմատաբար ավելի քաղաքականացված թեւի հետ։
Ի դեպ, կան խոսակցություններ, որ մոտավորապես նույն վեճն էլ ձեւավորվել է ԲՀԿ-ի ներսում։ Այս կուսակցության գործարար թեւը, որը շատ ավելին կարող է կորցնել, ամեն ինչի մեղավոր փորձում են դարձնել Վարդան Օսկանյանին եւ նույնիսկ արդեն կիսաբերան խոսում են նրան կուսակցությունից հնարավորինս շուտ վտարելու անհրաժեշտության մասին...»,- գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























