ԱՄՆ-ում գտել են տասը տարի առաջ դեռ դեռահաս տարիքում անհետացած երեք կանանց: Նրանց հայտնաբերել են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում:

Հայտնի է դարձել, որ այն տունը, որտեղ հայտնաբերվել են կանայք, գտնվել է անհետանալուց առաջ նրանց վերջին անգամ տեսնելու վայրից մի քանի կմ հեռավորության վրա, հայտնում է  «ԱիՖ»-ը: Կանանց գտնելուն օգնել է տեղի բնակիչը, որը տնից օգնության ճիչեր է լսել, իսկ հետո մտել ներս եւ այնտեղ հայտնաբերել կանանց: Ժամանած ոստիկանները ձերբակալել են այնտեղ գտնվող 52-ամյա տղամարդուն, որը ենթադրաբար պահել է կանանց այդ ողջ տարիների ընթացքում: 

Երեք կանայք էլ հիվանդանոցում են, նրանցից մեկը երեխա ունի:

Ըստ աղբյուրի տվյալների` 16-ամյա Ամանդա Բերրին անհետացել էր 2003թ. ապրիլի 21-ին: Այդ օրը նա զանգահարել էր քրոջը եւ ասել, որ իրեն տուն կբերեն Burger King ռեստորանից, որտեղ աշխատում էր: Մեկ տարի անց Քլիվլենդի նույն թաղամասում անհետացել էր 14-ամյա Ջինա Դեհեսուսը` դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին: 20-ամյա Միշել Նայթն անհետացել էր 12 տարի առաջ: