Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օրենք է ստորագրել նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին, որն այս տարվա ապրիլին հաստատվել  էր երկրի խորհրդարանի կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: 

Սպասվում է, որ մինչեւ օգոստոս երկրի կառավարությունը պետք է համապատասխան նորմատիվ եւ իրավական կանոնակարգեր ընդունի: Չնայած որ օրենքն ընդունվել էր Պատգամավորների պալատի ճնշող մեծամասնության կողմից եւ հաստատվել Սենատում, այն շարունակում է  թեժ քննարկումների տեղիք տալ: Օրինագծի նախաձեռնողն է «Ընդարձակ ճակատ» ձախ ուժերի իշխող դաշինքը:

Երկրում թեժ քննարկումներ հարուցած նորարարություններից է նաեւ երեխայի ամբողջական անվան ձեւավորման նոր կանոնները, հայտնում է «Ռոսբալտը»: Ավանդաբար, իսպանալեզու երկրներում  ամբողջական անունը բաղկացած է երեխային տրված անունից, որին հաջորդում է հոր ազգանունը, այնուհետեւ` մոր: Իսկ այժմ երեխայի ամբողջական անվան հերթականության մեջ ազգանվան համար ծնողները պետք է պայմանավորվածության գան, իսկ եթե  համաձայնության չհասնեն, վիճակահանություն կանցկացվի: