Իսրայելը եւ Թուրքիան «Ազատության նավատորմի» միջադեպի փոխհատուցման համաձայնագրի նախագիծ են պատրաստել: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը:

2010թ.  Գազայի հատվածում արգելափակումը հաղթահարել փորձող վեց նավերի գրավման եւ ինը թուրքերի զոհվելու համար փոխհատուցման վճարումը, նաեւ՝ դեսպանի վեադարձը Թել Ավիվ, Թուրքիան դարձրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանը:

«Բանակցային խմբերը համաձայնագրի նախագիծ են պատրաստել, որը մի քանի հարցերում  լրացուցիչ  մշակման կարիք ունի: Երկու կողմերն էլ  հուսով են համաձայնության հասնել մոտ ապագայում», - ասվում է հաղորդագրության մեջ: Իսրայելաթուրքական խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 6-ին Երուսաղեմում, առաջինը տեղի էր ունեցել ապրիլին Անկարայում, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտին զանգահարել էր իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին, ներողություն հայցել եւ սկզբունքային համաձայնություն հայտնել միջադեպի փոխհատուցման վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Իսրայել կատարած այցի քողի ներքո կայացած զրույցի ժամանակ առաջնորդները պայմանավորվել էին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ: