Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում ԱՄն-ում տասը տարի առաջ առեւանգված կանանց մասին: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 50, 52 եւ 54 տարեկան երեք եղբայրների: Ոստիկանությունը նրանց անունները չի հրապարակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել էր այն տանտիրոջը` 52-ամյա Արիել Կաստրոյին, որտեղ հայտնաբերվել էին կանայք: Ըստ թաղամասի բնակչի ցուցմունքների` Կաստրոն դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ լրատվամիջոցների` 16-ամյա Ամանդա Բերրին անհետացել էր 2003թ. ապրիլի 21-ին: Այդ օրը նա զանգահարել էր քրոջը եւ ասել, որ իրեն տուն կբերեն Burger King ռեստորանից, որտեղ աշխատում էր: Մեկ տարի անց Քլիվլենդի նույն թաղամասում անհետացել էր 14-ամյա Ջինա Դեհեսուսը` դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին: 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է,  անհետացել էր 12 տարի առաջ: Ոստիկանությունը կարծում է, որ այդ աղջիկները առեւանգվել եւ բռնի պահվել էին տանը, որտեղ հայտնաբերվել էին: 

Տասնամյա վաղեմության գաղտնիքը բացահայտելուն օգնել է տեղի բնակիչներից մեկը: Ճիչեր լսելով` նա մոտեցել է տանը եւ օգնել դուրս գալ Ամանդա Բերրիին, որը 911 էր զանգահարել: «Ես Ամանդա Բերրին եմ, ինձ առեւանգել են, ես անհետ կորած էի 10 տարի… Այժմ ես ազատ եմ»: Զանգահարող կինն արտասվել է: Տանը նաեւ մի քանի երեխաներ են եղել, աղջիկներից մեկին ձեռքերի վրա տնից դուրս է բերել Ամանդա Բերրին:

Երեք կանայք էլ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց ֆիզիկական վիճակը նորմալ է գնահատվում: