Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:

«Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում եւ մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան եւ խորանան նաեւ տնտեսական բնագավառում».- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Իգոր Լուկշիչի այցը կնպաստի տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Չեռնոգորիայի փոխվարչապետը նշել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները եւ շահագրգիռ է ինտենսիվ կապերի զարգացման գործում:

Զրուցակիցները կարեւորել են առաջիկայում կայանալիք հայ-չեռնոգորյան բիզնես ֆորումի անցկացումը, որը կխթանի երկկողմ գործարարների միջեւ կապերի սերտացմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը:

Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լուկշիչը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Տեղեկացվել է, որ այդ նպատակով առաջիկայում երկու երկրների միջեւ կազմակերպվելու են չարտերային չվերթեր:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ հաջողությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում առկա խնդիրներին: