Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերից միայն 6-ի նկատմամբ խտրականություն չի եղել. Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ակնհայտորեն խտրականություն է դրսեւորվել «Առաքելություն» կուսակցության նկատմամբ: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով լրատվամիջոցներում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ լինելով ընտրություններում գրանցված կուսակցություն, «Առաքելությունը» պետք է եթեր հրավիրվեր: «Մենք դեռ կճշտենք, կարող է հրավիրվել են, չեն գնացել, բայց՝ դժվար»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ մնացած 6 ուժերի նկատմամբ հավասար հնարավորությունները պահպանվել են: Եթերում առավել մեծ ուշադրություն իրենց վրա կարողացել է սեւեռել «Բարեւ Երեւանը», որի տարբերությունը ԲՀԿ-ից աննշան է:
«Այսինքն եթերային ժամանակի ծավալով առաջատարները «Բարեւ Երեւան» դաշինքն եւ ԲՀԿ-ն, իսկ հաճախականությամբ՝ ՀՀԿ-ն»,-ասաց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ առավել ակտիվություն ցուցաբերել են «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «Արմնյուզ» եւ «Հ2» հեռուստաընկերությունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























