Հրեական համաշխարհային կոնգրեսը, որի գլխավոր վեհաժողովն ընթանում է Բուդապեշտում, ղեկավար կազմի զգալի փոփոխություններ է կատարել: Ղեկավար պաշտոններից մի քանիսը ստանձնել են ռուսաստանցի հրեա հասարակական գործիչներ:
Ռուսաստանի հրեական կոնգրեսի գործադիր տնօրեն Բեննի Բրիսկինի խոսքով՝ մայիսի 6-ին Հրեական համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ է նշանակվել Յուրի Կանները: Նա նաեւ գլխավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներից բռնագրավված գույքի վերադարձման հարցերով զբաղվող հանձնաժողովը: Իսկ քաղաքական խորհրդի նախագահի ազդեցիկ պաշտոնում ընտրվել է Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Վյաչեսլավ Մոշե Կանտորը, գրում է NEWSru.com-ը:
Հրեական համաշխարհային կոնգրեսի նախագահ, ԱՄՆ հայտնի կոսմետիկայի մագնատ ընտանիքի ներկայացուցիչ եւ գեղանկարների խոշորագույն կոլեկցիոներ Ռոնալդ Լաուդերը վերընտրվել է հերթական ժամկետում:
Այժմ Հրեական համաշխարհային կոնգրեսի վարչության նախագահ է դարձել Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղի ներկայացուցիչ, հայտնի գինեգործ բարոն Դավիթ Դը Ռոտշիլդը:
Գանձապահ է ընտրվել հին բանկիրների մեկ այլ ընտանիքի ներկայացուցիչ, բրազիլուհի Չելլա Սաֆրան: Հրեական համաշխարհային կոնգրեսի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերահաստատվել է ռուսախոս իսրայելցի Ռոբերտ Զինգերը, հայտնել է Բրիսկինը:
Հիշեցնենք, Հրեական համաշխարհային կոնգրեսի գլխավոր վեհաժողովն անցկացվում է Բուդապեշտում՝ մայիսի 5-ից: Թեեւ վարչապետ Վիկտոր Օրբանի՝ հակասեմական զանգվածային ցույցերն արգելելու փորձերին, ուլտրաաջ «Յոբբիկ» կուսակցության կողմնակիցներն, այնուամենայնիվ, մայիսի 4-ին բողոքի ցույց են անցկացրել։




























