Մայիսի 5-ին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին մեծ շուքով նշել է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որին մասնակցել են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է «Կանթեղ Արարատյան» կայքը:
Մայիսի 4-ի գիշերը Վառնայի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում Բուլղար ուղղափառ եկեղեցու Վառնայի թեմի առաջնորդ Մետրոպոլիտ Կիրիլի հրավերով Սուրբ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա են եղել Վառնայի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ իրենց հոգեւոր հովիվ Արժ. Տեր Բարդուղղիմեոս քահանայ Հակոբյանի գլխավորությամբ: Պատարագի ավարտից հետո Տեր Հայրը շնորհավորել է մետրոպոլիտին ու ողջ բուլղար ժողովրդին ու մասնավորապես նշել. «Թող որ Քրիստոսի հարության լույսը ծագի բուլղար ժողովրդի սրտներում ու լույս սփռի ձեր հոգիների վրա, որպեսզի հարության լույսով լուսավորված բուլղար ժողովրդից լուսավորվեն նաեւ այս երկրում ապրող մնացած ազգերը»:
Մայիսի 5-ին, նորից Մետրոպոլիտ Կիրիլի հրավերով, Տեր Բարդուղիմեոսը Սեւակ սարկավագի հետ Վառնայի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում մասնակցել են երեկոյան ժամերգությանը, որի ընթացքում Բուլղար ուղղափառ եկեղեցու սովորության համաձայն տասը տարբեր լեզուներով ընթերցվում են Հովհանու Ավետարանի քսաներորդ գլուխը: Այս տարի Ավետարանական այս հատվածը հայերեն լեզվով ընթերցել է Արժ. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
Ժամերգության ավարտին Մետրոպոլիտ Կիրիլը իր շնորհակալություն է հայտնել հայ համայնքից, որ իրենց անմիջական ներկայությամբ, բուլղար հավատացյալ ժողովրդի հետ կիսել են Սբ. Հարության տոնի ուրախությունը:




























