Թեեւ վիզաների դյուրացումն ազատականացում չէ, այն առաջարկում է ավելի շատ հնարավորություններ Հայաստանի բնակիչներին ԵՄ ճամփորդելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԵՄ կենտրոնում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի ԱԳՆ ԵՄ բաժնի ղեկավար Մհեր Մարգարյանը եւ ԵՄ խորհրդատվական խմբից Միգրացիայի հարցերով քաղաքականության խորհրդատու Էլեոնորա Վերգեն: Քննարկվել է Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրը:
«Վիզաների դյուրացումը պարզեցնում է գործընթացները, կարճացնում վիզաների համար մարդկանց սպասելու ժամանակը եւ պակասեցնում վիզայի արժեքը», ասել է դեսպանն ու հավելել. «Ավելին, շատ մարդիկ, ասենք` ուսանողները, ակադեմիկոսները, լրագրողները, թոշակառուները, մարզիկները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վիզա կստանան անվճար»:
Ըստ Հայաստանի ԱԳՆ ԵՄ բաժնի ղեկավար Մհեր Մարգարյանի, Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել ռեադմիսիայի համաձայանգրերի իրագործման հարցում Եմ շատ երկրների հետ, որը այժմ կվերափոխվի այդ շրջանակային համաձայնագրով: «Մենք ստորագրել ենք Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք, հուսանք, ուժի մեջ կմտնեն միասին մինչեւ օգոստոսի վերջ», ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ կենտրոնի` լրագրողների համար ոչ պաշտոնական հանդիպումները մեկնարկել են 2013-ի ապրիլին: Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովը, որ տեղի կունենա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: Ամենամսյա հանդիպման ձեւաչափը ոչ պաշտոնական է` խրախուսելու բաց քննարկումը որպես երեւույթների առավել խորքային իմացության հնարավորություն:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։



























