Չեռնոգորիայի փոխվարչապետ, եվրոպական ինտեգրման եւ ԱԳ նախարար Իգոր Լուկշիչն, այսօր՝ մայիսի 7-ին, այցելել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իգոր Լուկշիչը հարգել է զոհերի հիշատակը հավերժական կրակի մոտ, ինչից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել է թանգարանի ցուցասրահ:
Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ավանդույթի համաձայն իր գրառումն է արել թանգարանի Հյուրերի հուշամատյանում. «Պատմությունը վկայում է, որ անմեղ մարդիկ մեծ ցնցումների զոհ են դարձել: Հայ ժողովուրդը մեծ տառապանքներ է կրել 20-րդ դարի սկզբում: Նման բանը երբեք չի մոռացվում: Այս ժողովրդի կրած տառապանքները սովորեցնում են մեզ, որ երբեք չպետք է դադարենք մեր ջանքներն ու միջազգային համագործակցությունը` հանուն բարեկեցության եւ երջանիկ ապագայի»:
Լուկաշիչը Հայկ Դեմոյանից նվեր է ստացել Հայոց ցեղասպանության թանգարանի մասին գրքեր եւ աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի նկարներով ալբոմ:



























