Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փորձագիտական խմբի անդամներ Պրոֆ. Դոկտոր Ռոլֆ Կնիպերին, Պրոֆ. Դոկտոր Հանս-Յոախիմ Շրամին (Բրեմենի համալսարան), Պրոֆ. Դոկտոր Լադո Չանթուրիանին (Թբիլիսիի եւ Կիլի համալսարաններ):

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ GIZ գերմանական կազմակերպության «Հարավային կովկասում իրավական բարեփոխումների» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանում գործող դատական համակարգի ընդհանուր կառուցվածքը` ընդգծելով մասնագիտացված դատարանների եւ դատավորների դերը: Ներկայացվել է նաեւ Վճռաբեկ դատարանի առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման հարցում:

Արձանագրվել է նաեւ, որ մոդելային օրենսգրքի հիման վրա ընդունված հետխորհրդային օրենսգրքերից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լավագույններից է, իսկ դրանում կատարված փոփոխությունների քիչ լինելը խոսում է հատկապես ինստիտուցիոնալ կարգավորվածության բարձր մակարդակի մասին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ունեն ուղղորդող եւ մեկնաբանող նշանակություն օրենսդրության կիրառման համար, եւ առավել արդյունավետ կլիներ այդ դիրքորոշումների հաշվառմամբ օրենսդրական փոփոխությունների առաջարկների ներկայացումը:

Քննարկվել է նաեւ գործարքների անվավեր ճանաչելը արբիտրաժներին վերապահելու հնարավորության մասին: