Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է  Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմին: ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ կառույցի  պատվիրակությունը պաշտոնական այցով Երեւան է ժամանել  մայիսի 7-9-ին` Հայաստանի ՎՊ նախագահի հրավերով: 

Հայաստանի եւ ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես,  հետագա համագործակցությանը, համատեղ վերահսկողությանը, փորձի փոխանակմանը վերաբերող: 

Հայաստանի եւ ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ կառույցների միջեւ կապերն ավելի են ամրապնդվել վերջին երկու տարիների ընթացքում:  Երկխոսության  եւ  համագործակցության զարգացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2011 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի Աբու Դաբի կատարած պաշտոնական այցի ընթացքում: 

ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: