Իրկուտսկի շրջանում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու զոհվածների մարմինները։ Ուղղաթիռում գտնվող մյուս յոթ մարդու ճակատագիրն առայժմ հայտնի չէ։

Որպես կատարվածի հիմնական տարբերակ հետաքննությունը դիտարկում է անբարենպաստ եղանակային պայմանները, օդաչուի սխալն ու պայթուցիկ նյութերի տեղափոխման պայմանների խախտումը, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։

Հիշեցնենք, որ աղետը տեղի էր ունեցել մայիսի 6-ի։ «Անգարա» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը մասնակցում էր հակաջրհեղեղային ծրագրի միջոցառումներին, որոնց անցկացման համար այն տեղափոխում էր 1920 կիլոգրամ պայթուցիկ նյութ։

Ուղղաթիռում ինը մարդ է եղել, այդ թվում անձնակազմի երեք անդամ, ԱԻՆ շրջանային վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ստանիսլավ Օմելյանչիկը, Իրկուտսկի շրջանի ԱԻ ՔՊ եւ ԱԿ գլխավոր մասնագետ Իգոր Չեկրիգինն ու փրկարարներ։

Տեղի ժամանակով 16:00-ին օդանավը աէրոնավիգացիայի դիսպետչերի հետ կապի դուրս չի եկել։ Ուղղաթիռի մասերը հայտնաբերվել են Պրեոբրաժենկա քաղաքից 6 կմ հեռավորության վրա։ Հաղորդվել է, որ ուղղաթիռը հավանաբար պայթել է դեռեւս օդում՝ պայթուցիկ նյութի գործելու հետեւանքով։