Թուրքիայի հայերը մտահոգված են. Ուղղափառ Զատկի ժամանակ համայնքի անդամների վրա հարձակումները մտավախություն են առաջացնում նրանց անվտանգության համար: Այս մասին գրում է լիբանանյան «The Daily Star-ը»:
Կիրակի օրը Ստամբուլ քաղաքի Գումգափի շրջանում հայկական եկեղեցու մոտ հանցագործը 7 անգամ կրակել է՝ մարդկանց մոտ տագնապ առաջացնելով: Բացի այդ, Մի երիտասարդ հայ միեւնույն օրը ծեծի է ենթարկվել հարեւան Սամաթիայի շրջանում:
«Այս հարձակումները կոչված են վախեցնելու մեր համայնքի անդամների եւ մյուս փոքրամասնություններին»,-հայտարարել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ կոչ անելով ապահովել առավելագույն անվտանգություն:
Նախորդ ամիս 30-40 հոգուց բաղկացած խումբը հարձակում է գործել ավետարանական եկեղեցու վրա՝ դրա բացումից կարճ ժամանակ անց, հաղորդել է Թուրքիայում Բողոքական եկեղեցիների ասոցիացիան: «Հարձակում գործածները կոտրել են եկեղեցու պատուհանները, քարեր եւ ձվեր նետել եւ փորձել ներխուժել ներս»,-ասվում է Ասոցիացիայի հայտարարությունում:
Վերջին տարիներին իրականացվել են մի քանի հարձակումներ քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների վրա,մ այդ թվում՝ հոգեւորականների: Թուրքիայում կա մոտավորապես 70 հազար հայ, որոնց մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Նրանք հաճախ են բողոքում, որ երկրում իրենք համարվում են երկրորդ սորտի մարդիկ:




























