Ղազախստանում առաջարկել են պաշտոնապես սահմանափակել պետության ղեկավարի կյանքի տեւողությունը: Նման առաջարկով հանդես են եկել Ղազախստանի մահմեդականների միությունը եւ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների մուսուլմանական կոմիտեն: Նրանք առաջարկում են դա ամրագրել սահմանադրությամբ:
Ըստ նախաձեռնողների, երկրի ղեկավարի տարիքը չպետք է գերազանցի 80 -ը, իսկ խախտողներին անհրաժեշտ է մահապատժի ենթարկել (ներկայումս Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է միայն նվազագույն տարիքային սահման՝ 40 տարեկան):
«Եթե պետության ղեկավարը 80 տարեկանում էլ ձգտի կառավարել երկիրը, նա պետք է մահապատժի ենթարկվի՝ անկախ իր ցանկությունից»,-ասվում է նշված կազմակերպությունների տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ Central Asian News-ի՝ տվյալ նախաձեռնության հեղինակները չեն նախատեսում այն կիրառել Ղազախստանի գործող նախագահի նկատմամբ: Մահապատժի կանոնները դրանք առաջարկում են տարածել հանրապետության հաջորդ ղեկավարների վրա:
Նշենք, որ Ղազախստանի մահմեդականների միությունն ավելի վաղ բազմիցս հանդես է եկել տարօրինակ նախաձեռնություններով: Նա առաջարկել է, մասնավորապես, մրցույթներ կազմակերպել «հեղինակավոր» հարսնացուներին ամուսնացնելու համար, արտասահմանում սպորտի նախարար ունենալ եւ Ղազախստանում Հիտլերի դատն անցկացնել:




























