ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանն, այսօր՝ մայիսի 7-ին, հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարեւորելով առեւտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջեւ համագործակցության ընդլայնմանը:
Քննարկվել են նաեւ հայ-էմիրաթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի գումարման, երկու երկրների միջեւ գործող ավիաթռիչքներն ավելացնելու, ԱՄԷ-ում հայկական արտադրատեսակների ցուցահանդես եւ գործարար համաժողով կազմակերպելու հետ կապված հարցեր:



























