Մայիսի 1-5-ը Ժնեւում տեղի է ունեցել Գրքի միջազգային 27-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Salon du livre), որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովել էր «Թոփալյան» հիմնադրամը: Ցուցահանդեսի պատվո հրավիրյալ երկիրն այս անգամ Մեքսիկան էր:

Ժնեւի Palexpo ցուցասրահում անցկացվող ամենամյա այս ցուցահանդեսում ավանդաբար մեծ է լինում հետաքրքրությունը Հայաստանի տաղավարի հանդեպ:

Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում եւ արտերկրում տպագրված բարձրորակ հրատարակություններ` նվիրված Հայաստանին, Արցախին, Ջուղային, Հայոց ցեղասպանությանը եւ բազմաթիվ այլ թեմաների` հիմնականում ֆրանսերեն լեզվով տպագրված:

Հայկական տաղավարում կազմակերպվեցին նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով գրքերի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաեւ դասախոսություններ` հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ, որոնց մասնակցեցին հայտնի ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեն (Jean Pierre Mahe), արվեստագետ-պատմաբան Ալեն Նավարա Նավասարդյանը (Alain Navarra Navassartian), քաղաքագետ, լրագրող Վիկեն Չեթերյանը (Viken Cheterian) եւ այլոք: