ԵՄ-ի Նախարարների խորհրդի շուրջ 3,5 հազար աշխատակիցներ մայիսի 7-ին գործադուլ են անցկացնում Բրյուսելի «եվրոպական» թաղամասում: Նրանք բողոքում են աշխատավարձերը եւ թոշակները կրճատելու վերաբերյալ ԵՄ պետությունների ծրագրերի , նաեւ՝ կենսաթոշակային տարիքը 63-ի փոխարեն 67 տարեկանը սահմանելու դեմ:
Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի աշխատակիցները գործադուլին չեն մասնակցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ-ի արհմիությունների խորհրդից հայտնում են, որ աշխատավարձերի կրճատումը առաջիկա 15 տարում կհանգեցնի եվրոպական պաշտոնյաների գնողունակության 60% կրճատման: Արհմիության ներկայացուցիչները պնդում են, որ պաշտոնյաների աշխատանքի դիմաց վճարները ԵՄ բյուջեի ընդամենը 3% են կազմում:
ԵՄ-ի վարչական ծախսերի կրճատումները քննարկվում է առաջիկա յոթ տարվաընդհանուր բյուջետային ծրագրի համաձայնեցման շրջանակում:
ԵՄ-ում վարչական ծախսերի կտրուկ կրճատման կողմնակիցն է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Ըստ նրա՝ եվրոպական պաշտոնյաների 16%-ը ստանում են տարեկան 100 հազար եվրո աշխատավարձ: ԵՄ-ի պաշտոնյաների թիվը հասնում է 47 հազարի, իսկ ԵՄ-ի ազգային կառույցների աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 5 հազար եվրո:




























