Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Նախագահը երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ եւ արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, եւ Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ հարաբերությունները վերաճել են սերտ միջպետական հարաբերությունների:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ ԱՄԷ-ի համագործակցության մասին:
Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի եւ ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջեւ եւս՝ Հանրապետության նախագահը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաեւ երկու պետությունների միջեւ կապերի ամրապնդմանը:
ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինին նշել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի հետ ձեւավորվել է բավականին արդյունավետ փոխգործակցություն եւ վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ կա խորացնելու համագործակցությունը բարձրագույն վերահսկիչ կառույցների միջեւ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ այս ոլորտում փորձի փոխանակումը:



























