ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձել են ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարի աշխատանքներին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ռուս-վրացական փոխհարաբերություններին, Վրաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, Հայաստան- Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին: ԱԺ պատգամավորը նկատել է, որ, անկախ քննարկվող հարցի ուղղվածությունից, ադրբեջանական պատվիրակության անդամները «գրավյալ տարածքների» հարցն էին բարձրացնում ու ռազմատենչ հայտարարություններ անում: Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանցիների նման փորձերը անհաջողությամբ էին պսակվում հայկական պատվիրակության կառուցողական դիրքորոշման ու համարժեք հակահարվածների արդյունքում:
Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. տարածաշրջանային հաշտեցման հեռանկարներ» թեմայով քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, եւ պատվիրակության անդամներն իրենց ելույթներում համոզմունք են հայտնել, որ հնարավոր չէ լուրջ տեղաշարժեր արձանագրել բանակցություններում, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ակտիվորեն չի ներգրավվել եւ դարձել բանակցային կողմ:
Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն անդրադարձել է Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը՝ տեղեկացնելով, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվել նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, իսկ տնտեսության զարգացման օրախնդիրը շարունակում է մնալ եւ իշխանության, եւ ընդդիմության ուշադրության կենտրոնում:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է նաեւ, որ սեմինարի շրջանակներում եւ Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ ջավախահայության ինքնությանը, նրանց լեզվի ու մշակույթի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է եղել նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտությանը: Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կառուցողական ու շահագրգիռ մոտեցում են ցուցաբերել քննարկումների ժամանակ:




























