Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն,. Այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Միքելսոնը մեծ ներդրում կունենա հայ-ֆիննական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ ու փոխշահավետ համագործակցության հաստատումը եւ ողջունում Ֆինլանդիայի կողմից աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խորացմամբ, միջխորհրդարանական եւ տնտեսական կապերի ակտիվացմամբ: Խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տեսանկյունից: «Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում եւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆինլանդիայի դեսպանը անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր բնագավառներում: Նա կարեւոր է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Բարձր գնահատելով Արեւելյան գործընկերության ձեւաչափը եւ Ասոցացման համաձայնագիրը` դեսպանը ընդգծեց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների կարեւորությունը, ինչը կխթանի ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությունը:
Հադիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին:




























