Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին եւ նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձեւավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու Չեռնոգորիայի փոխվարչապետը երկուստեք ընդգծել են, որ հայ-չոռնոգորյան հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ չկա, հակառակը՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է երկկողմ համագործակցության զարգացման համար: Իգոր Լուկշիչը ողջունելի է համարել, որ երկու երկրների մայրաքաղաքներն արդեն իսկ համագործակցում են որպես քույր քաղաքներ:

Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում օգտակար է համարվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, որի ուղղությամբ, ըստ Չեռնոգորիայի փոխվարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը, ինչն զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս ակտիվ համագործակցություն կձեւավորվի երկու երկրների միջեւ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում առկա վիճակին, զարգացումներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: