Աբովյանի ծննդատանը 27-ամյա կնոջ` նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են: Մասնավորապես, դատահոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ նորածնին սպանած կինը` 27-ամյա Վ.Ա.-ն, մեղսունակ է: Գործն այսօր կուղարկվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրյալ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աբովյանի ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նորածնին սպանելու մեջ կասկածվող 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:




























