«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը չի պատրաստվում վերադառնալ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորում եւ վերսկսել աշխատանքը դաշինքի կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
Նա նախ հիշեց հին հայտնի ասացվածքը, որ «նստելը մի այիբ է, իջնելը` երկու», ապա հավելեց, որ դա չէ պատճառը: Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ ՀԱԿ դաշինքից դուրս գալուց լուրջ հիմնավորում են ներկայացրել առ այն, որ «ՀԱԿ-ը սխալ քաղաքականություն է վարում, գնաց ԱԺ 7 մանդատի համար, ինչը սխալ էր, քանի որ խախտել է 2008թ օգոստոսի 31-ին կնքված պայմանագիրը»: «Այդ բոլորը սպառվեց, եւ դրանից հետո մենք ստիպված էինք լքել դաշինքը; իսկ թե մյուսները ինչու են լքել, իրենց պրոբլեմն է եւ իրենց ասելիքն է: Մենք գտնում ենք, որ ճիշտ ենք, եւ այդ դաշինքն արդեն մարտունակ չէ եւ չի կարող իշխանափոխության, համակարգային փոփոխության խնդիր լուծել»,- ասաց նա:
Գառնիկ Մարգարյանը շեշտեց, որ չի առարկում իրենց նախկին գործընկերների իրականցնող գործը, «միգուցե իրենց հաջողվի, հաջողություն է ցանկանում, վատ բան չի տեսնում»: Նա նաեւ նշեց, որ կհամագործակցեն Հայաստանի այն փոքրաթիվ ուժերի հետ, որոնք վերջին 2 տասնամյակում հստակ դիրքորոշում են ունեցել` ազատվել ռեժիմից, գնալ համակարգային փոփոխության, լուծել երկրի, ժողովրդի բազմաթիվ պրոբլեմներ, ովքեր վճռական են:
Գառնիկ Մարգարյանը նաեւ նկատեց, որ բարոյական չէ, երբ Կոնգրեսի անունը վերցրել են եւ ստեղծել կուսակցություն, երբ այդ մարդիկ ուզում են պահպանել այդ կառույցը: «Ի՞նչ բարոյական իրավունքով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:




























