Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը: Այն հռչակվել է ԱՀԿ-ի կողմից եւ անցկացվում է «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա նշանաբանն է. «Դու կարող ես կառավարել քո ասթման» («You Can Control Your Asthma»), որը նպատակ ունի ընդգծելու այն փաստը, որ ներկայումս ասթմայով հիվանդների մեծ մասը կարող է կառավարել իր հիվանդությունը եւ ապրել լիարժեք, ակտիվ կյանքով` համապատասխան բուժման պարագայում:

Ասթմայի կառավարում նշանակում է.

• ասթմայի ախտանշանների բացակայություն կամ նվազագույն լինելը,

• գիշերը հիվանդի չարթնանալը ասթմայի պատճառով,

• շտապ, «փրկիչ» դեղերի օգտագործման անհրաժեշտության բացակայություն կամ նվազագույն քանակով օգտագործելը,

• կարողանալ ապրել լիարժեք ֆիզիկական ակտիվ կյանքով, չխուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,

• թոքերի ֆունկցիաների հետազոտությունների նորմալ կամ գրեթե նորմալ արդյունքներ,

• շնչարգելության բացակայություն կամ հազվադեպ դեպքեր:

Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության համաձայն` ասթմայի կառավարման ռազմավարությունը ներառում է բուժման հետեւյալ փոխկապակցված բաղադրիչները.

1) հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների զարգացում

2) ռիսկի գործոնների տարբերակում եւ ազդեցությունից խուսափում

3) ասթմայի գնահատում, բուժում եւ վերահսկում

4) ասթմայի սրացման կառավարում:

Ասթմայի համաշխարհային օրն աշխարհում առաջին անգամ նշվել է 1998 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 35 երկրի կողմից՝ ասթմայի խնդիրներին նվիրված առաջին համաշխարհային հանդիպման շրջանակում: Յուրաքանչյուր տարի միջոցառմանը մասնակցող երկրների թիվն աճում է: