Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի հայ-չեռնոգորյան հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը կարեւոր է համարել միջխորհրդարանական կապերի ստեղծումը եւ զարգացումը` խորհրդարանական գործակցության խթանման գործում կարեւորելով բարեկամության խմբերի դերը: Նա նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձեւավորվի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ եւ առաջարկել նույնանման խումբ ստեղծել Չեռնոգորիայի խորհրդարանում:

ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել նաեւ երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրաինտեգրումը եւ այս ուղղությամբ մեր երկիրը կարեւոր քայլեր է իրականացրել, ակտիվ համագործակցություն է ծավալվել Եվրամիության բոլոր կառույցների հետ:

ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` նշելով, որ հայկական կողմը առաջինն է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը:

Չեռնոգորիայի փոխվարչապետը նույնպես կարեւորել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը եւ ընդլայնումը բոլոր ոլորտներում, անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի ստեղծումը: Նա բարձր է գնահատել Հովիկ Աբրահամյանի առաջարկը Չեռնոգորիայի խորհրդարանում ստեղծել Հայաստանի ԱԺ -ի հետ բարեկամության խումբ եւ նշեց, որ անպայման ԱԺ նախագահի առաջարկը կփոխանցի իր երկրի խորհրդարանի ղեկավարին:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք շեշտել, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով` բանակցությունների սեղանի շուրջ: