Սաուդյան Արաբիայում իր հայրենակցուհուն սպանելու համար մահապատիժ է ի կատար ածվել՝ գլխատելու միջոցով:

Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ Հուսամ աշ-Շարարին կտրել է մի կնոջ կոկորդը, երբ վերջինս բռնաբարության փորձի ժամանակ դիմադրել է նրան: Երկրի ՆԳՆ-ն հայտնում է, որ հանցագործը գլխատվել է Սաուդյան Արաբիայի հյուսիսում գտնվող Էլ-Ջաուֆ նահանգի Սակակի քաղաքում: Այսպիսով, 2013-ին Սաուդյան Արաբիայում արդեն մահապատժի է ենթարկվել 37 մարդ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում Սահմանադրության դերը կատարում է Ղուրանը, իսկ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերին փոխարինում է Շարիաթի օրենքների հավաքածուն: Ըստ այդ օրենքների՝ սոցիալապես առավել վտանգավոր հանցագործությունները պատժվում են հրապարակային գլխատմամբ: Սաուդյան Արաբիայում տարեկան միջինը մահապատժի է ենթարկվում 50-100 մարդ: