Քալիֆորնիայի Սանտա Անա քաղաքում ոստիկանությունը դիմել է հանրությանը օգնության խնդրանքով` պարզելու Օրանջ շրջանի հայկական եկեղեցուց կատարված գողության կասկածյալներին:

CBS հեռուստաընկերության փոխանցմամբ, երեք տղամարդիկ կասկածվում են մայիսի 1-ի գիշերը 5315 ՄքՖեյդեն ավենյուում գտնվող Քառասուն նահատակաց եկեղեցուց կատարված գողության մեջ: Ըստ ոստիկանության, նրանք բացել են ետեւի դուռն ու գողացել մոտ 15 հազար դոլարի թանկարժեք իրեր: Կասկածյալները եկեղեցուց փախել են մոխրագույն սեդանով:

Ըստ նկարագրության, կասկածյալներից մեկը 30-35 տարեկան սպիտակամորթ է, շագանակագույն մազերով, երկրորդը` 40-45 տարեկան ճաղատ տղամարդ է, իսկ երրորդը` 35-40 տարեկան, ամենայն հավանականությամբ` լատինամերիկացի: Սանտա-Անայի դետեկտիվները կարծում են, որ նրանք մեղսակից են երեք այլ գողություններում եւս: